ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քաղաքական ակվարիումը՝ անակնկալ հյուրով

Քաղաքական ակվարիումը՝ անակնկալ հյուրով
25.11.2014 | 17:44

Երիտասարդ ու, պետք է խոստովանեմ, կարող կադրերով համալրված «Առաքելություն» կուսակցության առաջին քաղաքական հայտը ձևակերպվեց Երևանի ավագանու 2013-ի ընտրությունների ժամանակ: Կուսակցության նախաձեռնողները, թերևս, հասկանում էին, որ այդ ընտրություններում իրենք հաջողության շանս չունեն, սակայն դրանց մասնակցեցին՝ իրենց նորամուտը հանրայնացնելու, ծրագրերը հանրությանը հասու դարձնելու համար: Ես զբաղվել եմ այդ ընտրությունների մոնիթորինգով ու գոհունակությամբ արձանագրել եմ, որ այս կուսակցությունը մեծապես չեզոքացրեց այն միապաղաղությունը, որ կար քարոզարշավի ժամանակ: Դա արվեց քարոզչական նոր հնարքների, կրեատիվ մոտեցումների, առանցքային խաղացողներին բանավիճային, ծրագրային հարթակ բերելու միջոցով: Այս կուսակցության տարիքային, կրթական, սոցիալական կազմը հույս էր ծնում, որ «Առաքելությունը» կարող է դառնալ քաղաքական նոր մշակույթի ձևավորման կենտրոններից մեկը՝ չտրվելով կոնյունկտուրայի գայթակղությանը, ռեսուրսային պայքարի տրամաբանությանը: Անկեղծորեն զարմացա, որ երեկ «Առաքելությունը» միացել է «Համաժողողովրդական շարժմանը»: Երբ դա անում են «դուրս գրված» ուժեր կամ անհատ-կուսակցություններ, որոնց խնդիրը Գագիկ Ծառուկյանի PR-ն ապահովելն է, ես դա անկեղծորեն հասկանում եմ: Հայաստանում գրեթե վերացել է այն սահմանը, որ սահմանազատում է քաղաքական ու բիզնես նախագծերը: «Առաքելության» պարագայում անընդունելի են «կոմսոմոլացումը» և ինտեգրումը մի համակարգի, որն հակաարժեքային ու հակածրագրային է ինքնին: Քաղաքական սուբյեկտների «կայծակնային» որոշումները դեգրադացնում են քաղաքական համակարգը: Այսօրվա իշխանությունն ու պայմանական ընդդիմությունը նմանվել են ակվարիումի «սանիտարկա» կոչվող տգեղ ձկներին, որոնք դեպի իրենց են կլանում թույլ և արդեն անպիտան կենդանիներին՝ նպաստելով ակվարիումի էկոլոգիական ու նաև էսթետիկական բարվոք վիճակին: Դա է «սանիտարկա» կոչվող ձկան միակ առավելությունը՝ ակվարիումը մաքուր պահելը: Պատկերավոր ասած՝ «Առաքելությունը»՝ իր արժեհամակարգով, անակնկալ, չսպասված հյուր է այդ ակվարիումում: Ես զարմանում եմ, որ պոտենցիալ ու ասելիք ունեցող երիտասարդներն այս ճշմարտությունը չեն հասկացել:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ